Պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ՝ վստահ հաղթանակ է տարել Համայնքների պալատի ընտրություններում: Ջոնսոնը խոստանում է անհապաղ Մեծ Բրիտանիան դուրս բերել ԵՄ-ից: Դեկտեմբերի 12-ի ընտրություններում Տորիները ստացել են Համայնքների պալատի 650 մանդատներից 364-ը: Տորիների հիմնական մրցակից Լեյբորիստները՝ Ջերեմի Կորբինի գլխավորությամբ, ունեն 203 մանդատ, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 48. Լիբերալ-դեմոկրատները՝ 11, հյուսիսիռլանդական դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը՝ 8, Ուելսի կուսակցությունը՝ 4, կանաչները՝ 1: ՀՊ-ի մանդատ են ստացել 14 անկախ պատգամավորներ:
Տորիները մտադիր են անհապաղ վավերացնել բրեկզիտի համաձայնագիրը, որ համաձայնեցրել է Բորիս Ջոնսոնի կառավարությունը Բրյուսելի հետ և 2020-ի հունվարի 31-ին Բրիտանիան պաշտոնապես կհեռանա ԵՄ-ից: Փաստացի ելքը տարեվերջին է՝ անցումային շրջանի ավարտին: Տորիները խոստանում են չերկարացնել անցումային շրջանը, թեպետ Բրիտանիան ու ԵՄ-ն այդ հնարավորությունն ունեն:
Գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Լեյբորիստների կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց՝ նրանք ՀՊ-ում կորցնում են 40 մանդատ: Քաղաքական գործիչները մեղադրում են Ջերեմի Կորբինին ու նրա շրջապատին: Քննադատների կարծիքով՝ պարտության պատճառը առաջին հերթին բրեկզիտի հարցում Կորբինի հստակ դիրքորոշում չարտահայտելն էր, երկրորդը՝ ծայրահեղ ձախ հայացքները: Տորիները մեծամասնություն են ստացել հյուսիսում ու կենտրոնում, որտեղ ընտրողներն ավանդաբար ձայն էին տալիս լեյբորիստներին, բայց 2016-ի հանրաքվեում մեծամասնությունը կողմ էր բրեկզիտին: 70-ամյա Կորբինը Լոնդոնի ընտրությունների տվյալներից հետո հայտարարել է, որ հաջորդ ընտրություններին չի առաջնորդի կուսակցությանը, այսինքն՝ հրաժարական կտա: Կորբինի խոսքով՝ ընտրությունների արդյունքները մեծ հիասթափություն են Լեյբորիստների համար, բայց կուսակցությունը ընտրությունների է գնացել ճիշտ ծրագրով: «Բրեկզիտը բևեռացրեց դիրքորոշումները քաղաքական բանավեճում: Եվ ես ընդունում եմ, որ դա արտահայտվեց ընտրությունների արդյունքների վրա, որ գրանցեց Լեյբորիստական կուսակցությունը ամբողջ երկրում»՝ ասել է Ջերեմի Կորբինը: Դիտորդների գնահատականով՝ հիմնականում ընտրությունները դարձան ինքնատիպ հանրաքվե՝ Բրիտանիայի՝ ԵՄ անդամության հարցով:
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որի ծրագրի գլխավոր կետը անկախության նոր հանրաքվեի անցկացումն է, արդեն հաղթել է 59 ընտրատեղամասերից 44-ում և լիովին հավանական է, որ ևս մի քանի մանդատ կավելացնի: Կուսակցության նախագահն ու շոտլանդական ինքնավարության ղեկավար Նիկոլա Ստերջենը ընտրություններից հետո հայտարարեց, որ այդ արդյունքները մանդատ են տալիս, որ ձգտեն անկախության երկրորդ հանրաքվեի: «Շոտլանդիան շատ հստակ հասկացրեց՝ մենք չեն ուզում Բորիս Ջոնսոնի իշխանությունը, մենք չենք ուզում դուրս գալ ԵՄ-ից»՝ հայտարարեց Նիկոլա Ստերջենը:
ВВС
Հ.Գ. Մեծ Բրիտանիան արեց իր ընտրությունը՝ Լոնդոնը հեռանում է ԵՄ-ից, դա նաև Վաշինգտոնի հաղթանակն է: Դեկտեմբերի 12-ի ընտրությունների արդյունքներով՝ Տորիները Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ մեծամասնություն ունեն Համայնքների պալատում, Շոտլանդիան անկախության նոր հանրաքվե է պատրաստվում, իսկ ընդդիմադիր երկու մյուս կուսակցությունները կփոխեն ղեկավարին: Տորիները հավանություն կտան բրեկզիտի պայմանագրին: Հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից ու փաստորեն կսկսվի անցումային շրջան, որի ընթացքում կողմերը պետք է պայմանավորվեն՝ ինչպես են կարգավորվելու իրենց հարաբերությունները առևտրի, ֆինանսների ու մյուս ոլորտներում: Մեծ Բրիտանիան ԵՄ-ից վերջնականապես կհեռանա 2020-ի հունվարի 31-ին: Փակ խորհրդակցության ժամանակ Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններում ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնիեն ասել է, որ այդքան կարճ ժամանակում պայմանավորվել հարաբերությունների վիթխարի ծավալի մասին հնարավոր չէ: Տորիները նախընտրական շրջանում խոստացել են, որ անցումային շրջանը չի երկարացվի:
ԵՄ-ի հետ բանակցություններին զուգահեռ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի ազատ առևտրի պայմանագրեր կնքել երրորդ երկրների, նախևառաջ՝ ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն շնորհավորել է Բորիս Ջոնսոնի հաղթանակը թվթերում ու հերթական անգամ խոստացել է Բրիտանիային այդպիսի պայմանագիր:
Բրեկզիտի ուղղակի հետևանքներից մեկը կարող է դառնալ Շոտլանդիայի անկախությունը: Թեպետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տեսանելի ապագայում մտադիր չէ հանրաքվե թույլ տալ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ